Լոնդոնյան «Արսենալ»-«Տոտենհեմ» մրցակցությունում կողմերը չկարողացան որոշել ուժեղագույնին, նույնպիսի կարգավիճակ ունեցող մյուս դիմակայությունում «Բորուսիան» գերազանցեց «Շալկեին» ու սա Դորտմունդի երկրպագուների համար գերծանրակշիռներից է, քանի որ ռուրյան մրցակցությունն առանձնահատուկ կշիռ ունի, «Սևիլիան» գերազանցեց «Ռեալին» ու առիթից ավելի քան էֆեկտիվ օգտվեց «Բարսելոնը»՝ հետ բերելով լա լիգայի առաջին հորիզոնականը, «Բավարիան» ու «Պարի Սեն Ժերմենը» հաղթեցին արդեն սովորական դարձած խոշոր հաշիվներով:
ԻՍՊԱՆԻԱ
Անդալուզցիների հետ մրցակցությունը «Ռեալն» ագրեսիվ սկսեց ու պարգևատրվեց Սերխիո Ռամոսի փայլուն գոլով: Սակայն դրա գինը ծանր եղավ: Շուտով Ռամոսը ստիպված եղավ փոխարինվելու, քանի որ հարվածի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել: Փաստորեն այստեղից էլ սկսվեցին արքայականի տառապանքները: Առաջին խաղակեսում Իմմոբիլեն հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդում սևիլիացիները ևս երկու գոլ հեղինակեցին: Ֆիզիկապես քամված մադրիդցիները ոչինչ չկարողացան հակադրել գերազանց գործող հակառակորդին, և եթե չլիներ վերջին վայրկյաններին «Սևիլիայի» զգոնության բթացումը, հանդիպումն այդպես էլ կավարտվեր 3:1 հաշվով: Փաստորեն, խփելով հանդիպման առաջին ու վերջին գոլը, մադրիդցիները ոչ միայն կրեցին ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը, այլև առաջին հորիզոնականը զիջեցին «Բարսելոնին», որը վնասվածք ստացած Մեսիի բացակայության պայմաններում հնարավոր ամեն ինչ անում է, որ ֆուտբոլի արքան հարկադիր պարապուրդի մեջ իրեն այնքան էլ վատ չզգա: Կապտանռնագույնները «Վիլյառեալին» հաղթեցին երեք անպատասխան գնդակի առավելությամբ:
Սեփական հարկի տակ «Վիլյառեալից» «Սելտայի» ծանրագույն պարտությունը ¥1։5¤ «Աթլետիկոյի» համար առաջատար եռյակ վերադառնալու լավ հնարավորություն էր ստեղծել, ու նա դրանից կարողացավ օգտվել: Ճիշտ է, «Խիխոնի» հետ խաղի հաշիվը տպավորիչ չէր, բայց 1:0-ն էլ է երեք միավոր բերում: «Բարսելոնն» ունի 27, «Ռեալը»՝ 24, «Աթլետիկոն»՝ 23 միավոր:
ԱՆԳԼԻԱ
Իրենց հանդիպումները չկարողացան հաղթանակով ավարտել աղյուսակը հավասար՝ 25-ական միավորով գլխավորող «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը»: Առաջինը գոլազուրկ ոչ-ոքիի տեսքով դեմ առավ հրաշքներ գործած «Աստոն Վիլլային», երկրորդը «Տոտենհեմի» հետ խաղում կարողացավ ընդամենը խուսափել պարտությունից՝ 1:1, և սա այն դեպքում, երբ նույն «Սիթիի» օրինակով դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություն ուներ: Այս երկուսի ոչ-ոքիների հենքի վրա վատ չդիտվեց արդեն 25 միավորով երրորդ հորիզոնականը ձեռքում պահող «Լեստերի» հաղթանակը «ՈՒոտֆորդի» նկատմամբ՝ 2:1:
Սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլը»՝ չկարողանալով անցնել «Կրիստալ Պալլասի» քննությունը՝ 1:2: Սա Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ թիմի առաջին պարտությունն էր, ու այս ցուցանիշով գերմանացի մասնագետը հավասարվեց Մադրիդի «Ռեալը» գլխավորող Ռաֆայել Բենիտեսին: Դաշտից պարտված հեռացավ և «Չելսին»՝ երրորդ անգամ անընդմեջ: Մոուրինյոյին այս անգամ դաղողը «Ստոկ Սիթին» էր՝ 1:0 սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելությամբ: Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդին», մանկունիանցիները կարողացան պարտության մատնել մրցաշարային աղյուսակում համեստ դիրքեր գրավող «Վեստ Բրոմվիչին»՝ 2:0:
ԳԵՐՄԱՆԻԱ
Նախորդ տուրում առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում միավորներ կորցնելուց հետո ¥«Աուգսբուրգի» հետ խաղացել էր ոչ-ոքի¤ «Բավարիան» «Շտուտգարդի» նկատմամբ դաժան եղավ: Հանդիպման չորս գոլն էլ բավարացիները խփել են առաջին խաղակեսում:
Անչափ լարված հանդիպում անցկացրեց Դորտմունդի «Բորուսիան»: Ռուրյան դերբիում այն «Շալկեին» հաղթեց 3:2 հաշվով ու մոտակա մրցակցից՝ «Վոլֆսբուրգից», արդեն առաջ է ութ միավորով: Նշենք, որ 21 միավոր ունեցող գերմանական «գայլերի» համար տուրի հանդիպումն անհաջող եղավ. երկու անպատասխան գնդակի տարբերությամբ պարտվել են «Մայնցին»: «Բավարիան» աղյուսակը գլխավորում է 34 միավորով:
ԻՏԱԼԻԱ
Առաջատար եռյակը կազմող «Ֆիորենտինան», «Ինտերն» ու «Ռոման» տուրի հանդիպումները եզրափակեցին հաղթանակով՝ դրանով իսկ մրցաշարային աղյուսակում ամեն ինչ թողնելով անփոփոխ: «Մանուշակագույններն» արտագնայում, «Ռոման» սեփական հարկի տակ նույն 2:0 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար «Սամպդորիային» ու «Լացիոյին», իսկ «Ինտերը» «Նապոլիի» հետ խաղում բավարարվեց մեկ գոլով: 27-ական միավորով աղյուսակի առաջին երկու տեղում «Ֆիորենտինան» ու «Ինտերն» են, նրանցից մեկ միավորով հետ են մնում «գայլերը»: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», այն նույնպես երեք միավոր է վաստակել: Մրցակիցն է եղել «ծեր սինյորային» հյուրընկալած «Էմպոլին»՝ 1:3:
ՖՐԱՆՍԻԱ
Առաջնությունում շարունակում է անկասելի մնալ «Պարի Սեն Ժերմենը»: Աղյուսակի երկրորդ տասնյակում գտնվող «Թուլուզը», բնականաբար, չկարողացավ դիմակայել տանտերերին, իսկ հաշիվը տպավորիչ էր՝ 5:0: 13 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 35 միավոր: Նախօրեին սեփական հարկի տակ «Ռենին» 0:2 հաշվով պարտված «Անժը» մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրքերում հայտնվելու փայլուն հնարավորություն էր ստեղծել մասնավորապես «Կաննի», իրար հետ հանդիպող «Լիոնի» ու «Սենտ Էտիենի» համար: Սկսենք վերջիններից: «Լիոնն» ավելի քան համոզիչ եղավ այդ դիմակայությունում` հաղթեց երեք չոր գնդակի առավելությամբ ու 25 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: «Կաննը» նույնպես պակաս համոզիչ չեղավ «Գենգամի» հետ խաղում՝ 2:0: Այն մեկ միավորով է հետ մնում «Լիոնից»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ